Ադրբեջանը միշտ էլ դեմ էր միջազգային ուժերին և ուզում էր միայն հետ բերել տարածքները

Շուշի տանող ճանապարհ
Հիմա ընդունված է ասել՝ 1994 թվականի մայիսի 12-ին ավարտվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Իրականում այդ օրը ընդամենը ուժի մեջ մտավ կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Բիշքեկում ուղիղ մեկ շաբաթ դրանից առաջ։
Sputnik
Հիշում եմ՝ այն ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Բաբկեն Արարքցյանը Երևան վերադառնալուց հետո խիստ ոգևորված էր և պնդում էր, որ մինչև տարվա վերջ կողմերը կկնքեն Համընդհանուր խաղաղության մասին մեծ պայմանագիրը, որով կկարգավորվեն բոլոր հարաբերությունները։ Այդ պայմանագիրը այդպես էլ երբեք չստորագրվեց ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, որի մասին Արցախյան երկրորդ պատերազմից հետո անընդհատ խոսվում է։
Իսկ հրադադար հաստատելու առաջարկը Բիշքեկում լիակատար հավանության արժանացավ բոլորի կողմից։ Պատերազմը շարունակվում էր արդեն առնվազն երեք տարի, և, ինչպես ասվում է հայտնի կինոնկարում, գարուն էր, և ոչ ոք չէր ուզում մեռնել։ Մնացած հարցերում տարաձայնությունները շատ մեծ էին։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի փոխխոսնակ Աֆիադին Ջալիլովը չէր ուզում Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչել, բայց Հեյդար Ալիևը, որն այդ օրերին Եվրոպայում էր, նախօրոք տվել էր իր համաձայնությունը, որ բանակցություններին մասնակցի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը։
Ջալիլովը փորձեց գործի դնել այսպես ասած «պլան Բ»-ն. պահանջեց, որ Բաբուրյանի հետ համահավասար բանակցություններին մասնակցի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ» Նիզամի Բահմանովը։ Բայց Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն հիմնավորեց՝ ախր Բաբուրյանը, ինչպես էլ ադրբեջանցիները նրան վերաբերվեն, այնուամենայնիվ ընտրովի մարմնի փաստացի ղեկավարն է, իսկ ո՞վ է Բայրամովը. ընդամենը եղել է Շուշիի գործադիր իշխանության ներկայացուցիչ, այսինքն` համայնքի կարծիքը իրավունք չունի ներկայացնելու, քանզի ոչ մեկի կողմից չի ընտրվել։
Սակայն ադրբեջանական կողմի գլխավոր նպատակը, իհարկե, տարածքների վերադարձն էր։ Ջալիլովը պնդում էր՝ պետք է հստակ արձանագրվի, որ հրադադարն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո հայերը դուրս են բերում իրենց ուժերը, և ադրբեջանցիները վերադառնում են իրենց տները։ Հայկական կողմը հակադարձում էր՝ բա, այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ կրկին հարձակման չի ենթարկվի Լեռնային Ղարաբաղը։ Նման երաշխիք կարող են լինել միայն միջազգային խաղաղապահ ուժերը։
Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը տարիներ անց իր հուշերում գրել է. «Աչքի էր զարնում, որ Ջալիլովը բոլորովին ուշադրություն չի դարձնում այն հարցին, թե ինչպես պետք է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, ակնհայտորեն շրջանցում էր միջազգային բաժանարար ուժերի տեղակայման խնդիրը։ Պարզ էր, որ Ադրբեջանը փորձում էր առաջ տանել եզրափակիչ փաստաթղթի սեփական տարբերակը՝ հաստատվում է հրադադար, հայերն անմիջապես դուրս են բերում իրենց ուժերը, և վե՛րջ։ Ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անում էր, որպեսզի վերջնական տարբերակում չմնար նաև այն միտքը, որ «Ղարաբաղյան հակամարտությունը էականորեն ազդում է նաև տարածաշրջանի այլ երկրների շահերի վրա»։
Անկեղծ ասած, շատ դժվար է հասկանալ այն մարդկանց փաստարկները, որոնք այժմ շարունակ պնդում են, թե այն ժամանակ՝ առաջին պատերազմից անմիջապես հետո, Ղարաբաղյան խաղաղ կարգավորումը միանգամայն իրական էր՝ միջազգային խաղաղապահ ուժերի օգնությամբ։
Կներեք, այդ ինչպե՞ս Ադրբեջանը, որը Կազիմիրովի վկայությամբ, կտրականապես դեմ էր նման ուժերի տեղակայմանը՝ քաջ գիտակցելով, որ դրանից հետո պարզապես անհնար կլինի հետ բերել Ղարաբաղը ուժային ճանապարհով, հանկարծ պիտի 180 աստիճանով փոխեր իր կոշտ դիրքորոշումը և շատ հանգիստ համաձայներ միջազգային ուժերի տեղակայմանը։ Եվ եթե նույնիսկ համաձայներ, արդյոք չէ՞ր խախտի այն պայմանավորվածությունները, որոնց տակ ստորագրել է, ճիշտ այնպես, ինչպես այժմ առանց վարանելու արհամարհում է այն դրույթները, որոնց տակ հենց ինքն էր ստորագրել 2020-ի նոյեմբերին։ Բայց ճիշտ եք, սա բոլորովին այլ թեմա է, որի շուրջ երևի կարելի է անվերջ վիճել։
Ադրբեջանում հայերի կամայական սպանություններն աճել են. Սահակյանը տվյալներ հայտնեց
Փաստն այն է, որ 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի մասին պայմանավորվածությունը ուժի մեջ մտավ։ Եկավ սպասված խաղաղությունը։ Ցավոք, ինչպես ցույց տվեց վերջին պատերազմը, մենք՝ հայերս, հաղթական մայիսից հետո տարիներ շարունակ միայն անընդհատ կրկնում ու կրկնում էինք հայտնի կարգախոսը` «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմին», բայց բավարար ջանքեր չէինք գործադրում այդ սկզբունքը կյանքի կոչելու համար։ Պարզապես մոռացել էինք լեհ գրող Ուրշուլա Կոզելի խոսքը. «Պատերազմը երբեք չի ավարտվում, այն ընդամենը հանգստանում է»։
Հայաստանյան իրականություն. իշխանությունները մի բան են պնդում, թվերը՝ բոլորովին այլ բան
ԵՄ դիտորդների լռության հետ կապված հարցերը պետք է տալ ՀՀ իշխանություններին. քաղաքագետ