ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։