Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողը 20–ամյա Նարեկ Բաղդասարյանն է

2 օր շարունակվող սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայտնել էինք, որ Գեղարքունիքի սահմանային դիրքերի վրա թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող։
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը նվազել է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։ 2 օրերի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր։