ՌԴ Սմոլենսկի մարզում`Բելառուսի սահմանին, երկու բեռնատարում 492 կգ կոկաին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«ՌԴ ԱԴԾ–ն լատինամերիկյան կոկաինի ներկրման նոր փորձ է կանխել։ Լեհաստանի Հանրապետություն ուղևորվող կոկաինի հերթական խմբաքանակը առգրավվել է Սմելոնսկի մարզում` ռուս–բելառուսական սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թուրքական համարանիշով բեռնատարի զննության ժամանակ թաքստոցում թմրանյութի 116 փաթեթ է հայտնաբերվել։
ԱԴԾ–ին հաջողվել է պարզել, որ այդ երթուղով կոկաինի խմբաքանակով ևս մեկ մեքենա է ընթանում, այն կանգնեցրել են և թաքստոցում հայտնաբերել թմրանյութերի ևս 373 փաթեթ։
Երկու բեռնատարներից առգրաված կոկաինի ընդհանուր քաշը 492 կգ է։ Թմրանյութերի մաքսանենգության կազմակերպման մեջ կասկածվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրան ձերբակալել են։