«Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց` ինչ ցուցմունք տամ». Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալ

Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար
Նախկին պաշտոնյան Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքը փոխել է Սերգո Կարապետյանի մահից հետո
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ուղղորդմամբ։

«Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց` ինչ ցուցմունք է տվել, որ պայմանավորվածություն կա, թե պետք է գործը կարճվի, ուղղակի գումար վերականգնվի, ու դրա համար, որ սուտ դուրս չգա, ես էլ նույնն ասեմ, գործը չերկարի։ Ես էլ էդ ընթացքում անընդհատ տեսնում էի, որ ինչ–որ մեկի դեմ գործ էին հարուցում, գումար վերականգնելուց հետո բաց թողեցին, ասեցի` սա էլ է էդ գործը։ Ես էլ արդեն հոգնել էի քննչական գնալուց, ասեցի` անենք, պրծնի–գնա»,–նիստերի դահլիճում ասաց Հարությունյանը։

Հավելենք, որ դահլիճում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` բացի Սերգո Կարապետյանից, ուրիշ որևէ մեկը չի ուղղորդել, որ Սարգսյանի դեմ ցուցմունք տա։
Հարությունյանը նշեց, որ հետո հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքից։ Բանն այն է, որ վերջինս հրաժարվել է իր ցուցմունքից, երբ մահացել է Սերգո Կարապետյանը։
Մեղադրող դատախազը հարցրեց, թե ինչու Կարապետյանի կենդանության օրոք չի փոխել ցուցմունքը և չի հայտարարել, որ նրա ուղղորդմամբ է ցուցմունքը տվել։
Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց ևս մեկ վկա
«Անհարմար զգացի ասել, որ տենց միամտություն եմ արել ու հավատացել եմ, որ նման բան կլիներ։ Սերգոյի զանգի մասին պաշտպանիս էլ եմ բավականին ուշ ասել»,– պատասխանեց Հարությունյանը։
Նշենք, որ Գևորգ Հարությունյանը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը)։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։