ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Red Wings ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի կանոնավոր չվերթերի ժամանակավոր թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թույլտվությունները բաշխող միջգերատեսչական հանձնաժողովի նյութերին։
Ռոսավիացիայի նյութերում նշվում է, որ Red Wings-ը Մոսկվայից, Սամարայից և Կազանից Թբիլիսի մտնելու թույլտվություն է խնդրել։
Մայիսի 10–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց մայիսի 15-ից չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ռուսական ավիաընկերությունների համար հանել այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսումը։ Նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ:
Նյութերից հետևում է, որ ներկայում Մոսկվա-Թբիլիսի չվերթերի մշտական թույլտվություն ունեն «Աերոֆլոտը» (շաբաթական 14 անգամ) և Nordwind-ը (շաբաթական 7 անգամ), շաբաթական 7 չվերթի ժամանակավոր թույլտվություն ունի «Ազիմուտը»
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ սահմանափակումների վերացումից հետո ռուսական ավիաընկերությունները շաբաթական 7 թռիչք կունենան Մոսկվայի և Թբիլիսիի միջև, այդ նպատակով կօգտագործվեն հայրենական արտադրության ինքնաթիռները:
Red Wings-ում, որի պարկը ձևավորված է ռուսական SSJ100 ինքնաթիռներից, շուտով հայտարարեցին, որ թույլտվությունների առկայության դեպքում պատրաստ են թռիչքներ սկսել դեպի Վրաստան։
Նախքան ավիահաղորդակցության դադարեցումը ՌԴ-ից Վրաստան էին թռչում «Աերոֆլոտը», «Ուրալյան ավիաուղիները», S7-ը, Red Wings-ը, Utair-ը և «Պոբեդան»: Ռուսաստանի ուղղությամբ չվերթեր էին իրականացնում Georgian Airways-ը և MyWay Airlines-ը։