ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, թիվ 9 տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, ապա բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 11-ին, ժամը 18։18-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են տրոլեյբուսի ցուցիչների վահանակը և սնուցման համակարգը։