Երևանի բնակիչը թմրանյութ է ներմուծել Իրանից. նրա մեքենայում 1 կգ հերոին է հայտնաբերվել

Երևանցի տղամարդիկ ձերբակալվել են Երևանի Արշակունյաց պողոտայում։
Sputnik
Երևանի 67-ամյա բնակիչը Իրանից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծել և մեկ այլ երևանցու` 57–ամյա տղամարդու միջոցով իրացրել Հայաստանում, երկուսն էլ ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տղամարդիկ ձերբակալվել են Երևանի Արշակունյաց պողոտայում և 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կգ հերոին թմրամիջոց, որը, ըստ 67-ամյա տղամարդու, պատկանում է իրեն»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աճում է. ինչո՞ւ է խնդիրը դարձել անվերահսկելի