ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռի վայրէջքը Դուբայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել, իսկ հիմա Երևան վերադարձի ճանապարհին է։ Մի քանի ժամից կլինի այստեղ։ Ինքնաթիռում 37 ուղևոր կա»,- նշեց Անանյանը։
Նա վստահեցրեց` «FlyOne Armenia»–ն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ընդգծեց Անանյանը։
Անանյանը շեշտեց` Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով են արգելել ինքնաթիռը վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։
«Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում։ Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ-Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին նույնպես Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։
Ինքնաթիռն այդ ժամանակ էլ վայրէջք էր կատարել Իրանում` Շիրազ քաղաքում։ Այնուհետև բոլոր թույլտվությունները թարմացվել են և օդանավը մեկնել է Դուբայ։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։