ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Համամարդկային խնդիրներ, սեր ու ատելություն, անցյալի սխալներ և ներկայի պատրանքներ, իսկ փրկության միակ աղբյուրը հույսն է։ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում մայիսի 11-ին հյուրախաղով Գյումրիում էր Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնը:
Այն հայ հանդիսատեսին ներկայացրին ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Մայր» պիեսը։ Բեմադրության ռեժիսորը Պավել Պարխոմենկոն է, իսկ նկարիչը՝ Յուլիանա Լայկովան։Գլխավոր դերում Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովան է:
«Մոսսովետ» թատրոնը Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ներկայացման մեջ գլխավոր հերոսուհին, որը դժվարությամբ է ընդունում, որ արդեն տարիքով է, փորձում է համակերպվել ծերության առաջին նշաններին և հասկանալ, թե ով է ինքը, ինչ ավերակներ են իր առաջ և ինչու է լիակատար մենակության մեջ: Միակ բանը, որ ջերմացնում է նրան` սերն է որդու նկատմամբ, որը սևեռուն գաղափար է դարձել հերոսուհու համար։
Ներկայացման ավարտից հետո չթաքցնելով հուզմունքը, գլխավոր հերոսուհին` Անաստասիա Սվետլովան, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու զարմացած է, թե որքան հյուրընկալ է այս երկիրը:
«Մարդիկ պատրաստակամ են: Ասեմ, որ թեև ժամանակը շատ կարճ էր, բայց հասցրի սիրահարվել Գյուրմրիին: Տպավորությունս ֆանտաստիկ է: Այստեղ ամեն քար ու թուփ ուրիշ է, շնչելն է ավելի հեշտ՝ ասես պատմական ամրոցում լինեմ»,-ասաց դերասանուհին։
Նա նաև ընդգծեց, որ մինչ Գյումրի գալն իրեն ասել էին, թե գյումրեցիները բարդ հանդիսատես են և եթե չհավանեն ներկայացումը, կարող են պարզապես թողնել ու հեռանալ դահլիճից։
«Մոսսովետ» թատրոնը Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Ներկայացումը շատ բարդ է, հոգեբանական։ Մեզ ասել էին, որ պատրաստ լինենք հանդիսատեսի արձագանքին։ Անկեղծ` նման երկարատև հոտնկայս ծափեր ու ջերմություն չէինք սպասում: Սիրտս այս քաղաքը շատ սիրեց»,- շեշտեց Անաստասիան` չթաքցնելով, որ ուրախ կլինի ևս մեկ անգամ գալ ու խաղալ գյումրեցի հանդիսատեսի համար:
Վերջում դերասանուհին հավելեց՝ ներկայացումը թեև ստեղծված էր կամերային թատրոնի համար, սակայն Գյումրու դրամատիկականի բեմում այն բոլորովին այլ զգացողություն տվեց նաև դերասաններին։
Նշենք, որ պիեսը փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև Երևանում։
«Մոսսովետ» թատրոնը Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
© Sputnik / Armenuhi Mkhoyan