2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Կառավարության հերթական նիստին . Արխիվային լուսանկար
Մասնավորեցման արդյունքում անցած տարի պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 2022թ-ին 3 առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 միավոր անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։
Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը»։
«Նախորդ տարի ընդհանուր առմամբ օտարվել է 20.1 մլրդ դրամի գույք։ Բայց կան գույքեր, որոնք օտարվել են վճարման 5-ամյա գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում գումարները մուտք կարվեն առաջիկա տարիների ընթացքում»,– պարզաբանեց Սանոսյանը` հավելելով, որ այդ պայմանի դիմաց ընկերությունները խոստացել են 83 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել ու հավելյալ աշխատատեղեր ստեղծել։
Նախարարը նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր տարածքներում վարձակալության հիմունքներով տեղակայված պետական 16 հիմնարկների տրամադրվել են տարածքներ։ Գործընթացի արդյունքում շուրջ 60 տոկոսով կնվազի պետական բյուջեից վճարվող վարձակալության ընդհանուր գումարը։
Պետական գույքի վարձակալությունից ստացվող գումարներն էլ 2022-ին ավելացել են 67.7 տոկոսով։