Կեղծ փողեր իրացնելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է. ՔԿ

Դոլար
Մյուս երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 4 անձ մեղադրվում է կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մեջ։ Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Իրականացված քննչական և վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում:
«Այնուհետև 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերոհիշյալ տղամարդը կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից)։
Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը:
Ընդհանուր գործի նախաքննությունը շարունակվում է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած մեկ այլ անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ: