Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց վճիռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, արդարացվեց։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է։
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց որոշումը:
«Ղեկավարներով անմեղության կանխավարկածով` դատարանը որոշում է ճանաչել և հռչակել մեղադրյալ Խաչատուրովի (Իգոր Խաչատուրովին,– խմբ.) անմեղությունը։ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և արդարացնել նրան` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, գրավի գումարն էլ վերադարձնել գրավատուին»,– ասաց Գրիգորյանը։
Լրացուցիչ դատալսում նշանակվեց մայիսի 22-ին, ժամը 16։00-ին։
Նշենք, որ 2022–ի մայիսի 17-ին Երևանի Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։
Հուլիսի 11–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։