ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները «Թվային տարածքի անվտանգության մասին» նոր օրինագծի շրջանակներում կարգելափակեն պատժամիջոցների տակ գտնվող լրատվամիջոցների տեղեկատվությունը հեռարձակող կայքերը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի թվայնացման և հեռահաղորդակցության հարցերով նախարար-պատվիրակ Ժան Նոել Բարրոն` օրինակ բերելով Sputnik-ը և RT France-ը։
«Ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում մենք նաև արգելափակում կսահմանենք այն կայքերի համար, որոնք հեռարձակում են միջազգային պատժամիջոցների տակ հայտնված լրատվամիջոցների բովանդակությունը, այն պատժամիջոցների, որպիսիք ԵՄ-ն ընդունել է RT France-ի և Sputnik-ի դեմ։ Այդ միջոցառումը կլրացնի ժողովրդավարության թշնամիների քարոզչության դեմ պայքարի մեր զինանոցը»,- նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Բարրոն։
Նախարարությունում հայտարարել են, որ այդ միջոցը թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին թվային տարածքում, հատկապես քարոզչական կոնտենտի տարածման սպառնալիքի դեպքում:
Բարրոյի խոսքով` հուլիսի սկզբին օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում` փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ են ճանաչվում Sputnik-ը և RT-ն:
Մարտին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրահանձնաժողովը արգելք էր սահմանել RT France-ի և Sputnik France ռադիոյի ազդանշանի փոխանցման վրա: Դրանից անմիջապես հետո ֆրանսիական Аrcom մեդիա-կարգավորիչը հայտարարել էր Ֆրանսիայում այդ լրատվամիջոցների հեռարձակումը անհապաղ դադարեցնելու մասին:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Ռիկարդո Գուտիերեսը հայտարարել էր, որ ԵՄ-ում ռուսական ԶԼՄ-ների, այդ թվում RT-ի և Sputnik-ի արգելքը վտանգավոր նախադեպ է ստեղծել, որը սպառնալիք է մամուլի ազատության համար։