Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր «Զատիկ»-ում. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է կատարել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ ու արձանագրել է մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեխաների աջակցության կենտրոնում պահպանված չեն եղել անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում մահճակալները եղել են իրար միացված կամ շատ մոտ։
Условия в Ереванском детском центре Затик
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»
Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք:
3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:
«Ապահովված չեն եղել առանձնացված պայմաններում երեխաների հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորությունները: Օրինակ` զուգարանների դռների մեծ մասը չեն փակվել ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են եղել միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայել է նաև միջնապատը»,– գրված է հաղորդագրութունում:
Հաստատությունում ապահովված չեն եղել սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»
«Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս»,– նշված է հաղորդագրությունում։
Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
ՀՀ ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է նաև, որ արձանագրված մի շարք խնդիրներ համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Նշվում է, որ խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: