ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Արդեն հնարավոր է ամբողջությամբ հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել և օգտագործել Google, Windows-ը և այլ օպերացիոն համակարգերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
«Օրինակ` Gmail.com-ին զուգահեռ կարող է լինել փոստ` աջ և ձախ հատվածներում հայատառ` «անուն@էլփոստ.հայ», և օգտագործել տարբեր համակարգերում։ Որևէ խնդիր չի առաջանա»,–ասաց նա։
Նա խոսեց նաև «.հայ» դոմենի մասին, որը գործում է 7 տարի և որի տիրույթում գրանցվել է շուրջ 1000 հայատառ դոմենային անուն:
«Այն ազգերը, որոնք ունեն իրենց այբուբենը, համացանցում փորձում են ավելի ներգրավված լինել, որովհետև մենք գիտենք, որ համացանցը գործում է լատինատառ։ Իսկ ազգային այբուբենը ավելի նպատակահարմար է այն օգտատերերի համար, որոնքանգլերենի վատ իմացության կամ չիմացության պատճառով կնախընտրեն օգտագործել իրենց ազգային լեզուն»,–ասաց Հակոբյանը։
ՀԿ–ի տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը, ներկայացնելով հայերեն դոմենի անհրաժեշտությունը, նշեց, որ «.հայ» դոմենը հնարավորություն է տալիս բառերն առանց փոփոխությունների և աղավաղումների ներկայացնել։
«Օրինակ` եթե որևէ ռադիոկայանի հասցեն «ճշմարտություն.FM» է, որը հեռարձակվում է միայն հայերենով և հայատառ է, բոլորը կիմանան ինչպես գրել հայերեն, իսկ օրինակ` լատինատառ գրելիս խնդիր է առաջանում, քանի որ շատերը չգիտեն` ինչպես ճիշտ գրեն «ճշմարտություն» բառը լատինատառ։ Այսինքն` դա օգնում է խոսափել անգլերենում հայերեն տառերի բացակայության շփոթությունից, ինչպես այս դեպքում «ճ» տառն էր։ Մենք չենք ասում` մի ունեցեք լատինատառ, մենք ասում ենք` ունեցեք նաև հայատառ»,–նշեց նա։
ՀԿ ներկայացուցիչները նաև հայտնեցին, որ գրանցված 1000 դոմենային անուններից միայն 10–20 տոկոսը ունեն կայք, սակայն հուսով են, որ հայատառ բովանադակության նկատմամբ հետարքրքությունն ավելի կմեծանա։