Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու հետ կապված գործը նորից կքննվի. փաստաբան

Դատարան
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր փաստաբանի ներկայացրած բողոքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նորից կքննի Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու հետ կապված գործը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Գարիկ Գալիկյանը։
Փաստաբանը նշել է, որ դեռևս 2021 թվականին ինքը զինվորների դիերը անարգելու հետ կապված հաղորդում էր ներկայացրել։
«Իհարկե, ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք»,–գրել է Գալիկյանը։
Նա նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարել է փաստաբանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և, բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղարկել է նույն դատարան` նոր քննության։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմից 7 ամիս անց ԶԼՄ–ներում և սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին Աբովյանի դիահերձարանից, որոնցում երևում էին սպիտակ պարկեր` լցված զոհված զինծառայողների աճյուններով։ Անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա արեցին` պնդելով, որ իրենց երեխաների մարմինները պահել են մրգի սառնարաններումև իրենց չեն հայտնել, որ դիեր կան դիահերձարանում։