Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով կա 602 զոհ, ավելի քան 5 հազար վիրավոր. ԱՀԿ

ԱՀԿ ներկայացուցիչը հակամարտության սկզբից ի վեր բժշկական հաստատությունների վրա 28 հարձակում է հաստատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Սուդանի Զինված ուժերի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով 602 մարդ զոհվել է, 5127–ը` վիրավորվել: Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Թարիկ Ժազարևիչը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սուդանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 602 մարդ, վիրավորվել՝ 5127-ը»,- ասել է նա:
ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է հակամարտության սկզբից ի վեր բժշկական հաստատությունների վրա 28 հարձակում:
«Բժշկական հաստատությունների վրա հարձակումները կապված են ինչպես հրաձգության, այնպես էլ զինված մարդկանց կողմից տարածքների գրավման հետ»,-հավելել Է Ժազարևիչը:
Հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 100 հազար մարդ է հեռացել Սուդանից. ՄԱԿ
Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ) և կանոնավոր բանակի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական գործողություններում հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի։
Անցած ուրբաթ Al-Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սուդանի կառավարական բանակի և Արագ արձագանքման ուժերի պատվիրակությունները բանակցությունների համար մեկնել են Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա: