ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի անսովոր «դատարկ» էր. այլևս չկային Հայրենական մեծ պատերազմի վետերանները, փոխարենը նրանց թոռներն էին՝ պապերի լուսանկարներով:
Հերոս պապի հետքերով և նրա հերոսություններով ոգևորված Հակոբ Հովհաննիսյանն ընտրել է զինվորականի մասնագիտությունը։ Ծառայել է ՌԴ ռազմածովային ուժերում, զինվորական ինժեներ-շինարար է։ Իսկ պապը կապավոր էր՝ կապավորների ջոկատի հրամանատար: Պապից միակ հիշողությունը լուսանկարն է` 156 հրաձգային ջոկատից։ Հենց նույն լուսանկարով էր թոռը եկել մասնակցելու հաղթանակի 78– ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Հակոբ Հովհաննիսյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Պապս ռազմաճակատ մեկնել է 1941 թվականին 35 տարեկան հասակում, Գյումրիից, դրանից հետո որևէ տեղեկություն չենք ստացել։ Անհետ կորած է: Բոլոր հարազատներով ենք փնտրել ու դեռ փնտրում ենք։Ուր ասես չենք գրել՝ տեղեկություն չկա: Իմ համար Հայրենական մեծ պատերազմը ավարտված չէ, քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, գտնեմ՝ հող կբերեմ ու կլցնեմ տատիս գերեզմանին, որի աչքը մինչև վերջ ամուսնու ճանապարհին էր»,- Sputnik Արմենիային պատմում է Հովհաննիսյանը:
Իսկ Հովհաննես Սարգսյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր եկել Գյումրի՝ իր երկու պապիկների լուսանկարներով: Մորական պապը՝ Նապոլեոն Նազարյանը, 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկ է եղել, հրետանու հրամանատար, լեգենդար Նվեր Սաֆարյանի զինակիցը և ընկերը:
Հովհաննես Սարգսյանը՝ իր երկու պապերի լուսանկարներով
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Պապս հրաշքով ողջ է մնացել ու հասել է մինչև Բեռլին, քոչարի պարել Ռայխստագի մոտ: Մայրիկիս պատմել է՝ ինչպես են զինակիցները մահացել պատերազմի դաշտում»,- պատմում է Հովհաննեսը։
Իսկ մյուս պապը՝ Պերճ Սողոյանը, Հայրենի գյուղում հայոց լեզվի ուսուցիչ է եղել։ Պատերազմը սկսվելուն պես գրիչը զենքով է փոխել ու կամավոր մեկնել ռազմաճակատ:
«Լեգենդար մարշալ Բաղրամյանի զինվորն է եղել ու միշտ դրանով հպարտացել է։ Իսկ սիրած խոսքը Բաղրամյանի խոսքերն են եղել՝ «գվարդիականները երբեք չեն մահանում»,- ասում է Սողոյանի թոռնիկը:
Պերճ Սողոյանը նախ սովորել է Վրաստանի Լագոդեխիի նշանառուների կրտսեր հրամկազմի դպրոցում, իսկ 1944 թ փետրվարին, որպես նշանառու սերժանտ, ռազմաճակատում էր:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից Պերճ Սողոյանի լուսանկարն ու պարգևները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Առաջին անգամ Սողոյանը որպես նշանառու գործել է 1944 թին` Ղրիմի ազատագրման ժամանակ:
Մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին, իսկ Բելառուսի ազատագրումից հետո Լատվիայի և Լիտվայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորվել է, սակայն բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և ընդգրկվել 43-րդ բանակի կազմում:
Սողոյանն այնուհետև մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավման մարտերին, որտեղ և ավարտել է իր մարտական ուղին։ Մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի, Փառքի շքանշաններով, Մարտական ծառայությունների, Արիության, Քյոնիքսբերգի գրավման համար և 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20 այլ մեդալներով:
Պատերազմից հետո վաստակաշատ վետերանն աշխատել է որպես մանկավարժ, եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, 12 տարի աշխատել որպես Կիրովականի (այժմ` Վանաձոր) ՆԳ բաժնի պետ:
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։