ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել ինչպես հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների, այնպես էլ 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսների հիշատակին։
«Հաղթանակ» զբոսայգին մայիսի 9–ին
© Sputnik / Aram Nersesyan
Անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մի շարք պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։