Ղեկին Կոտայքի դատախազն է եղել, ավտոմեքենայում` 2 ռուս աղջիկ. մանրամասներ գիշերվա վթարից

Դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդն ինքն է եղել, սակայն պարեկները պարզել են, որ այդ տղամարդը Tesla-ի վարորդի հայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայտնի են դարձել գիշերը ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած վթարի մանրամասները։ Պարզվում է` «Tesla» մակնիշի ավտոմեքենայի ղեկին Կոտայքի մարզի դատախազ, 26-ամյա Արման Մաթևոսյանն է եղել։ Նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը:
Հայտնել ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի` Ա. Պ.-ն (ծնված 1981 թ.) և Ռ. Ն.-ն (ծնված 1996 թ.)։
«Մեքենան բախվել է ծառին, այնուհետև կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, հետո առաջ ընթանալով, հայտնվել է ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում»,– մանրամասնում է կայքը։
Նշվում է, որ տուժածները ՌԴ քաղաքացիներ են` Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինան։ Նշվում է նաև, որ դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում նրանք պարզել են, որ այդ տղամարդը «Tesla»-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։
«Տեղում պարեկները մի քանի ժամ փորձել են Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա հրաժարվել է, ասելով թե վատ է զգում, ի վիճակի չէ։ Նա պահանջել է շտապօգնություն։ 2 անգամ պարեկները շտապօգնութուն են կանչել, վարորդը 2 անգամ էլ հրաժարվել է անգամ մոտենալ բժիշկներին»,– գրված է կայքում։
Ժամեր անց վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է