ԵՄ–ն հաստատում է` Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Իլհամ Ալիևը, Շառլ Միշելը և Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպման մասին ավելի վաղ գրել էր մամուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ Խորհրդի կայքում։
Նշվում է, որ բանակցությունները կազմակերպվում են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:
«Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում», - ասված է հաղորդագրությունում։
Փաշինյան–Ալիև հանդիպման մասին ավելի վաղ գրել էր «Financial Times»–ը և նշել` նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։
ԵՄ Խորհուրդը հաստատել է նաև այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։