ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար պայքարի անխոնջ մարտիկներին»,–գրել է Երրորդ նախագահը։
Նա իր երախտագիտությունն ու խոնարհումն է բերել նաև հայ հերոսական սերնդին, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ վճռել է պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը:
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։