ԵՐԵՎԱՆ, Մայիսի 8– Sputnik, Խաչիկ Չախոյան. «Թելավիի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացական ակումբի հետ։
Մարտի վերջին վրացական «Թելավին» պայմանագիր ստորագրեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Մինասյանի հետ մեկտեղ վրացական թիմում սկսեցին աշխատել Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։
Էրովնուլի լիգայում Մինասյանին չհաջողվեց արագ փոփոխություններ մտցնել «Թելավիի» արդյունքներում։ Մոտ երկու ամսվա ընթացքում թիմը, հայ մարզիչների գլխավորությամբ, անցկացնելով 7 խաղ, հաղթանակ չունեցավ՝ 5 պարտություն, 2 ոչ-ոքի։
«Թելավին» Էրովնուլի լիգայի 12 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Հենց արդյունքներն էլ պատճառ դարձան, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական կազմը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնեն իրենց համագործակցությունը։
Վրացական ակումբի ֆեյսբուքյան էջում, «Թելավիի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին ու նրա օգնականնե՝ Արթուր Մկրտչյանին ու Արտակ Օսեյանին կատարած աշխատանիք համար ու հետագա հաջողություններ մաղթել։
Հիշեցնենք, որ Մինասյանը մարզչական իր կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների է հասել` մարզելով տարբեր ակումբներ։ Բացի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուց, Մինասյանը «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում բազմաթիվ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, մարզել է նաև ղազախական «Տոբոլ» և «Տարազ» ակումբները, որտեղ նրա աշխատանքը բարձր գնահատական է ստացել։