Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն է ստացել ՊՆ–ում

Արթուր Ումրշատյան
Ումրշատյանը ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից (նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 8-ին) ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել էր Աբովյան փողոցում, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել էր հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել էր պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել էին «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել էր փախուստի:
Մեքենայի վարորդը` Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն, ձերբակալվել էր: Նրա մոտ հայտնաբերվել էր ընդհանուր 1,9 գրամ քաշով, թղթի մեջ փաթեթավորած, թմրանյութին նմանվող զանգված: