«Ոչ ոք չգիտի` վաղը ինչ է լինելու». ինչով է սպառնում Սոթքի հանքի պարապուրդը տեղացիներին

Բեռնատարների կայանատեղ Սոթքի հանքի մոտ
Sputnik
2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ընթացքում սահմանամերձ շատ գյուղեր կորցրել են իրենց արոտավայրերի և դաշտերի զգալի մասը, ինչն անհնարին է դարձրել բազմաթիվ գյուղացիների աշխատանքը: Ուստի մոտակա գյուղերի բնակիչների համար հանքում աշխատելը կենսական նշանակություն ունի։
Ադրբեջանի գնդակոծությունների պատճառով Սոթքի ոսկու հանքի աշխատանքների դադարեցումը կարող է կտրուկ վատթարացնել մոտակա գյուղերի մի քանի հարյուր բնակիչների սոցիալական վիճակը, որոնք առանց դա էլ զրկված են գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորությունից:
Ապրիլի 14-ին ադրբեջանական ԶՈւ-ն հերթական անգամ գնդակոծել է Սոթքի հանքը, ինչի հետևանքով աշխատանքները դադարեցվել են, իսկ աշխատակիցներին՝ տարհանել: Սակայն այս անգամ միջադեպն այսքանով չի ավարտվել։ Հրետակոծությունները օրերով շարունակվել են, հանքի աշխատանքը ստիպված դադարեցվել է։

Իրավիճակը հանքում

Սոթքի հանքավայրի՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածը
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հանքի ղեկավարությունը վերջին երեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ փորձել է վերսկսել աշխատանքները, սակայն ապարդյուն։
«Պարբերական գնդակոծությունների հետևանքով հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ապրիլի 14-ի երեկոյից և մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմից Սոթքի հանքի ուղղությամբ պարբերաբար կրակոցներ են արձակվել: Անձնակազմը բազմիցս փորձել է անցնել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն գնդակոծությունները յուրաքանչյուր անգամ խոչընդոտել են դրան», - հայտնեց Գրիգորյանը։
Կրակոցների հետևանքով տուժածներ չկան, տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել:
«Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի գործունեությունը և անձնակազմին մեկ ամսով հարկադիր վճարովի արձակուրդ ուղարկել», - նշեց Գրիգորյանը:
Բեռնատարների կայանատեղ Սոթքի հանքի մոտ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հետևում է մասամբ աշխատող հանքի հետ կապված իրավիճակին։
Մայիսի 3-ին նա այցելել է հանք, հանդիպել ղեկավարության հետ՝ տեղում ծանոթանալով բոլոր խնդիրներին։ Սարգսյանը հույս ունի, որ առաջիկա օրերին աշխատանքներն ամբողջ ծավալով կվերսկսվեն։

Հանքը և սահմանամերձ գյուղերը

Մոտակա սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով, նախապատրաստվում են գարնանային աշխատանքներին։ Մարզպետն ասաց, որ վերջին շրջանում եղել են ընտանիքներ, որոնք (2022 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո - խմբ.) վերադարձել են իրենց գյուղերը (Սոթք, Կուտական, Կութ)։
Սակայն Սոթքի հանքի գործունեության կասեցումը, ըստ տեղացիների, կարող է ծանր անդրադառնալ բնակչության վրա:
Բանն այն է, որ 850 աշխատակիցների մոտ 98 տոկոսը Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներ են, որի մեջ մտնում են 30-ից ավելի գյուղեր, այդ թվում՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժածները (Սոթք, Կութ, Կուտական, Նորաբակ, Վերին Շորժա և այլն)։
Սոթք գյուղում
Մինչև 44-օրյա պատերազմը համայնքն արագ զարգանում էր. մի կողմից այստեղով էր անցնում Երևան-Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհը, մյուս կողմից՝ հրաշալի պայմաններ կային գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության զարգացման համար:
Սակայն պատերազմը, ճանապարհի փակումը և դրան հաջորդած ադրբեջանական ԶՈւ-ի ներխուժումը Գեղարքունիքի շրջանում հանգեցրել են զգալի արոտավայրերի և մշակովի դաշտերի կորուստների: Դա, իր հերթին, սահմանամերձ գյուղերում անասունների գլխաքանակի կտրուկ (մի քանի անգամ) կրճատման պատճառ է դարձել։
Այս պայմաններում մի քանի հարյուր մարդու համար մշտական աշխատանք և կայուն եկամուտ ապահովող հանքի աշխատանքի դադարեցումը կարող է համայնքից բնակչության արտահոսքի հանգեցնել:
Սոթքի հանքը
Հենց այսպիսի տրամադրություններ է Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսել սահմանամերձ Սոթք գյուղ այցելության ժամանակ. հանքավայրում շուրջ 30 բնակիչ է աշխատում։ Այս ամսվա պարապուրդի համար նրանց կփոխանցեն աշխատավարձի 2/3-ը, բայց մարդիկ չգիտեն՝ հետո իրենց ինչ է սպասվում։
Աշխատակիցներից մեկը փորձում է մեզանից պարզել, թե Երևանում ինչ են ասում հանքի աշխատանքի մասին։ Իրենք միայն գիտեն, որ կրակոցների պատճառով աշխատանքը չի կարելի վերսկսել։
«Մեզ ասացին, որ ղեկավարության հետ հանդիպում կլինի։ Գնանք տեսնենք՝ մեզ ինչ է սպասում», - ասում է հանքի վարորդներից մեկը:
Ինքնաթափ բեռնատար Սոթքի հանքավայրում
Նրա խոսքով՝ գյուղում այլ աշխատանք չկա, իսկ երեխաներին ու ծնողներին պետք է պահել։ Հանքի այլընտրանքը Ռուսաստանում աշխատանքն է, այնտեղից հրավիրում են, բայց տղամարդը չի ուզում լքել ընտանիքը։
Մեկ այլ աշխատակից ասում է, որ իրավիճակն անորոշ է. ո՛չ հանքի ղեկավարությունը, ո՛չ մարզպետը չգիտեն՝ հետո ինչ է լինելու:
«Մենք չգիտենք՝ ինչ անենք՝ մնա՞նք, թե՞ գնանք։ Մեզ ասում են՝ ինչու եք այդքան վատ տրամադրված, իսկ ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում», – ասաց տղամարդը՝ չնշելով անունը։
Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածը
Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ինչպես հանքի հիմնական մասը, որը հարուստ է հանքաքարով, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերը։
Դրա համար էլ տղամարդն անհանգստանում է, որ եթե հանքը չաշխատի, գյուղում դժվար թե գումար աշխատելու աղբյուր գտնի։
Նա ցույց է տալիս բլուրներից մեկը, որտեղ Ադրբեջանն առաջ է անցել և ասում, որ 2022 թվականի սեպտեմբերից հետո գյուղատնտեսությամբ փող աշխատելու հնարավորությունները նվազել են։
Կութի մերձակա սարը
Գյուղի մի մասը, ըստ նրա, առանց այդ էլ ապրում է սեզոնային աշխատանքի և արտերկրից դրամական փոխանցումների հաշվին։
«Այնտեղ փշալարեր են, ականապատ դաշտեր։ Դաշտերի թիվը կտրուկ նվազել է, անասունների մեծ մասը վաճառվել է։ Ոմանք արդեն լքել են գյուղը՝ փող աշխատելու համար, ոմանք գնացել են Երեւան, ոմանք՝ Ռուսաստան», - ասում է տղամարդը։
Նրա ծանոթը շարունակում է թեման և նշում, որ նմանատիպ իրավիճակ է հարևան Կութ գյուղում։ Պատերազմից առաջ «շրջանի կեսն այստեղ անասուն էր պահում»։
2021-2022 թվականներից հետո ամեն ինչ փոխվել է, գյուղում անասունների 30 տոկոսից քիչն է մնացել. մի մասը վաճառվել է, մոտ 80 գլուխ էլ տարել են ադրբեջանցիները:
Կութ գյուղը
Այդ պատճառով էլ Սոթքի բնակիչները դժգոհում են իրավիճակի անկայունությունից։ Նրանք չեն ուզում լքել հայրենի գյուղը, բայց դրա համար պետք է ապահովված լինեն աշխատանքով։ Իսկ քանի որ գյուղատնտեսական աշխատանք չկա, ամբողջ հույսը հանքն է։ Բայց այն դեռ չի գործում․․․