Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը

Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում VAHAGN AND ARTYOM դուետի կատարումներով (Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ, Արտյոմ Մանուկյան-թավջութակ) եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։
Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին Գյումրիին ջազային տրամադրություն պարգևելու, իսկ ջազի սիրահարներին՝ համերգներին ներկա լինելու համար: Ի դեպ, այսօր համերգին իր ներկայությամբ պատվել էր նաև Շիրակի թեմի առաջնորդը:
«Այս երաժշտությունը կպչում է սրտիդ ու վերջ, սա լեզու չէ, որ հասկանաս, կամ չէ, իսկ այստեղ՝ այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին Spitnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:
Գյումրին ունի ջազային ավանդույթներ ու նվիրյալներ, պետք է միայն աջակցություն՝ վստահեցնում է «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը:
«Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնը այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,-նշեց Կամո Մովսեսյանը:
Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
Նշենք, որ ի տարբերություն սովորական շնորհակալագրերի, ջազային բենդերն արժանացան «Ջազագրերի»:
HAY-AT JAZZ անցկացվում է ամեն տարի՝ 2017 թվականից սկսած (բացառությամբ 2018 ու 2021 թթ.): Այս տարի փառատոնն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: