ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Նիժնի Նովգորոդի մարզում պայթեցրել են ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի մեքենան, վարորդը մահացել է, Պրիլեպինը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը` նշելով, որ Պրիլեպինը մեքենայով Նիժնի Նովգորոդ էր գնում ընտանիքի մոտ։ Մեքենայի հատակին ամրացված պայթուցիկ սարք է աշխատել։
Պրիլեպինին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրա կյանքի համար այժմ պայքարում են բժիշկները
«WarGonzo» տելեգրամյան ալիքը գրում է, որ մահացածը գրողի անձնական թիկնապահն էր։
Տեղեկություններ կան, որ պայթյունից մի քանի րոպե առաջ մեքենայում է եղել նաև Պրիլեպինի դուստրը, սակայն կանգնել են իրերը դուրս բերելու, և աղջիկը իջել է մեքենայից։
Հիշեցնենք, որ գրողի դեմ մահափորձ էր կազմակերպվել նաև 2020 թվականին, երբ նա գտնվում էր ԴԺՀ–ում։
Այն ժամանակ շունն էր մեքենայում գտել պայթուցիկ սարքը, որը տեղադրված էր եղել գրքի մեջ։
Պրիլեպինը «Մենաստան», «Սանկյա»,» «Պաթոլոգիաներ», «Սև կապիկ» և այլ վեպերի հեղինակն է։ 2017 թվականին ԴԺՀ–ում նա սեփական գումարտակն էր ձևավորել։