«Մտրակ» ու «կարկանդակ» վարորդների համար. պե՞տք է արդյոք ԱՊՊԱ-ի ազատականացումը Հայաստանում

Հանրապետության ավտոապահովագրական շուկայում խաղի կանոնների փոփոխությունն իր դրական և բացասական կողմերն ունի, որոնց մանրամասն վերլուծությունը ներկայացվում է Sputnik Արմենիայի նյութում։
Sputnik
Հայաստանում ավտոապահովագրության շուկայի ազատականացումը միանշանակ չի ընկալվում։ Ոմանք կարծում են, որ նորամուծությունները թույլ կտան բարելավել ապահովագրական ծառայությունների որակը։ Գներն ընկերությունների կողմից սահմանելու հնարավորությունը շուկան ավելի մրցունակ է դարձնում, ինչպես նաև հաշվի է առնում վարորդների վարքագծի, նրանց փորձի, մեքենաների տեխնիկական վիճակի և այլնի հետ կապված իրավիճակը: Մյուսներն էլ, հիմնականում իրենք՝ վարորդները, դժգոհում են ԱՊՊԱ-ի թանկացումից՝ համարելով, որ դրանից շահում են միայն ապահովագրական ընկերությունները:

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Հայաստանի ապահովագրական շուկայում գնագոյացման նոր համակարգը գործում է ապրիլի 1-ից։ Այս համակարգով սակագները կդադարեն ֆիքսված լինել, և ապահովագրողները, ինչպես վերևում նշվեց, դրանք կսահմանեն իրենց հայեցողությամբ: Օրինակ` ինչպես կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շուկայի տրամաբանությունից ելնելով՝ պակաս ռիսկային վարորդներն ավելի շահավետ պայմաններ կունենան. գները մեծապես կախված կլինեն վարորդի կարգապահությունից։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել էր, որ կչեղարկվեն նաև վարորդների որոշակի խմբերի համար սահմանված գործակիցները, ասենք` տաքսիների (դրանք համարվում էին ավելի ռիսկային) և մինչև 80 ձիաուժ հզորությամբ մեքենաների համար (փոքր մեքենաներ)։
Հիմա այդ գործակիցները կչեղարկեն. ամեն ինչ կորոշի հենց վարորդի պահվածքը։ Իսկ վարորդների հարմարավետության համար ապահովագրողների սակագները կհավաքվեն ապրիլի 1-ից գործարկված առցանց հարթակում։
ԱՊՊԱ համակարգն անհրաժեշտություն է, բայց Հայաստանում այն արդյունավետ չի գործում. Խաչատրյան
ԱՊՊԱ–ի սակագները, մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը, բաժանվում էին երկու բաղադրիչի․ բազային, ինչպես նաև խթանիչ կամ տուգանային գործակիցներ (կախված վարորդի խախտումների պատմությունից): Բազային սակագները մնում էին ֆիքսված, բայց հիմա դրանք նույնպես կսահմանվեն ազատ շուկայական հիմունքներով։

Նոր համակարգին անցնելու հիմնական պատճառներն են ավտոմեքենաների թվի ավելացումը և, ըստ այդմ, ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումը, պահեստամասերի թանկացումը և մեքենաների վերանորոգումը: Ի դեպ, վերջին գործոնները նաև վերջին տարիներին Հայաստանը հեղեղած ավտոմոբիլային բումի հետևանքն են։ ԱՄՆ-ից և Եվրոպայից օգտագործված և հիմնականում վնասված մեքենաներ բերելու հնարավորությունը՝ դրանց հետագա վերանորոգմամբ և վերավաճառքով (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում), հանգեցրել է վերանորոգման և պահեստամասերի գնի կտրուկ աճի։

Այս միտումները հանգեցրել են նրան, որ Հայաստանում գործող ԱՊՊԱ պայմանագիր տրամադրող վեց ապահովագրական ընկերությունները ստիպված են եղել ավելացնել ոչ իրենց մեղքով վթարի ենթարկված վարորդների փոխհատուցման ծավալները:
ԱՊՊԱ-ների հետ կապված օրենսդրական փոփոխությունը անտրամաբանական է. Եսայանն ասաց` ինչու
Հարկ է նշել, որ ԱՊՊԱ-ի ներդրման հենց սկզբում, այսինքն՝ 2011 թվականի հունվարին, ապահովագրական սակագները միանգամից շուկայական դարձնել հնարավոր չէր։ Պատճառն այն է, որ շուկան այն ժամանակ դեռ չէր ձևավորվել, չկար վարորդների պատմություններով տվյալների բազա, որը թույլ կտար հասկանալ, թե որ վարորդն ինչքան է արժենում ապահովագրողների համար։ Հիմա, մի քանի տարվա տվյալների բազա ունենալով, ապահովագրողները կկարողանան այդպիսի մոտեցումներ մշակել։

Ի՞նչ են ասում ապահովագրողները

Ընկերությունները խոսում են առաջին հերթին գնային համակարգը հավասարակշռելու ցանկության մասին։ Այս է պնդում, մասնավորապես, «Նաիրի Ինշուրանս» ընկերության տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
«2010 թվականին, երբ ԱՊՊԱ համակարգը նոր էր ներդրվում Հայաստանում, հաշվի էին առնվում քաղաքացիների բազմաթիվ սոցիալական խնդիրները։ Այդ պատճառով ընտրությունը կատարվեց հօգուտ գների որոշման ֆիքսված սկզբունքի։ Ապահովագրական ընկերությունները հիմնականում կաշկանդված էին գնային քաղաքականության հարցում։ Այնուհետև, սակայն, անհրաժեշտություն առաջացավ վերանայել գները և ապահովել ծառայությունների գին-որակ արդյունավետ հարաբերակցությունը։ Նախկին գների պայմաններում որակյալ ապահովագրական ծառայություններ մատուցելը գնալով դժվարանում էր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Բացի այդ, նախկինում ապահովագրողները ոչ այնքան արդար մոտեցում էին ցուցաբերում մեծ շարժիչով մեքենաների սեփականատերերի նկատմամբ։ Ի սկզբանե ԱՊՊԱ-ի արժեքի հիմքում դրվել են այնպիսի չափանիշներ, ինչպիսին, օրինակ, ավտոմեքենայի շարժիչի հզորությունն է։ Եվ որքան այն ավելի հզոր էր, այնքան ավելի թանկ էր ապահովագրությունը։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այս մոտեցումը բավարար չափով չի արտացոլում իրավիճակը, քանի որ կան մեծ թվով բարեխիղճ վարորդներ, որոնք մեծ հզորության ավտոմեքենաներ ունեն, բայց վթարային իրավիճակներ չեն ստեղծել և վթարների չեն ենթարկվել:
Մանե Մարտիրոսյան
Արդյունքում որոշում է կայացվել ընկերություններին հնարավորություն տալ ինքնուրույն որոշելու ԱՊՊԱ-ի գները, իհարկե, կարգավորող մարմինների՝ Ավտոապահովագրողների բյուրոյի և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցումով։
Թե որքան կվճարեն վարորդներն ԱՊՊԱ-ի համար, կախված կլինի նրանից, թե որտեղ է գրանցված մեքենան՝ Երևանում, թե մարզերում, ինչպես նաև վարորդական պատմությունից: Որքան շատ վթարներ և ապահովագրական վճարներ լինեն անցյալում, այնքան ԱՊՊԱ-ն ավելի թանկ կլինի:
ԱՊՊԱ չունեցողների տուգանքը կմեղմացվի. խախտումը վերացնողներն արտոնություն կստանան
Եթե մեքենան գրանցված է մարզերում, ապա ԱՊՊԱ-ի արժեքը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքի մեքենաների համար: Ընդ որում, որքան հեռու է տարածաշրջանը մայրաքաղաքից, այնքան էժան է ապահովագրությունը։ Երևանում մեքենաների քանակը մի քանի անգամ ավելի շատ է, վթարայնությունը՝ ավելի մեծ, հետևաբար՝ ապահովագրական ընկերությունների ծախսերն ավելի մեծ են։ Դրա համար էլ որոշում է կայացվել դա փոխհատուցել մայրաքաղաքում ԱՊՊԱ-ի ավելի բարձր արժեքով, բացատրում է Մարտիրոսյանը։
Արդյունքում մայրաքաղաքում գրանցված շատ մեքենաների սեփականատերերի համար ԱՊՊԱ-ն թանկացել է, իսկ մարզերի բնակիչներն ավելի քիչ են վճարում։
Հետևյալ օրինակներով կարելի է հասկանալ, թե մոտավորապես ինչպես են սակագները փոխվել:
Առաջին օրինակը. 115 ձիաուժ հզորությամբ Volkswagen Golf ավտոմեքենան գրանցված է Երևանում, սեփականատերը 12 տարվա փորձ ունեցող վարորդ է, նախորդ տարի մեքենան վթարի էր ենթարկվել: Մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը ԱՊՊԱ-ն արժեր մոտ 45-47 հազար դրամ։ Այժմ ապահովագրական ընկերություններն առաջարկում են հետևյալ պայմանները․
Стоимость ОСАГО Volkswagen Golf
Երկրորդ՝ Mitsubishi Lancer ավտոմեքենան՝ 150 ձիաուժ հզորությամբ, գրանցված է Գեղարքունիքի մարզում։ Հին սխեմայով ԱՊՊԱ-ն արժեր 37-41 հազար դրամ՝ կախված ապահովագրող ընկերությունից։ Մեքենան վթարի չի ենթարկվել, սեփականատերն 9 տարվա վարորդական փորձ ունի: Ներկայում ընկերություններն այս մեքենայի համար առաջարկում են ԱՊՊԱ-ի հետևյալ սակագները.
Стоимость ОСАГО Mitsubishi Lancer
Ինչպես տեսնում ենք, «Նաիրի Ինշուրանսում» սակագները բավականին բարձր են։ Ընկերության տնօրենն իր բացատրությունն ունի․ դա առաջին հերթին ծառայությունների որակն է, փոխհատուցումների ստացման արագությունը, ընդ որում՝ փոխհատուցումները բավականին բարձր են, առանց վնասի արհեստական նվազեցման և ավելորդ բյուրոկրատական ձգձգումների։
Ընկերությունը նույնիսկ հատուկ բջջային հավելված է գործարկել փոխհատուցում ստանալիս ավտոմեքենաների սեփականատերերի աշխատանքը հեշտացնելու համար: Հավելվածը վարորդին ազատում է թղթաբանությունից։ Ընկերության մյուս առավելությունն այն է, որ եթե տեղի է ունեցել ՃՏՊ, բայց կողմերի միջև վեճ չկա, մասնակիցները կարողացել են ինքնուրույն որոշել մեղավորին, ապա ընկերությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է փոխհատուցումը:
«Մենք առավելագույնս ավտոմատացրել ենք փոխհատուցումների ստացման, տեղեկատվության փոխանակման գործընթացը՝ հեշտացնելով քաղաքացիների գործը»,-նշում է տնօրենը:
Միաժամանակ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ընկերության ընդհանուր ապահովագրական պորտֆելում գումարը չի փոխվի, և ազատականացումը ընկերությանը լրացուցիչ եկամուտ չի բերի: Խոսքը ավտոմեքենաների սեփականատերերի միջև ԱՊՊԱ-ի արժեքը հնարավորինս արդար և օբյեկտիվորեն «բաշխելու» մասին է։
Ընկերության ղեկավարը հայտարարել է նաև, որ ներկայում ոստիկանության հետ միասին քննարկվում է ընկերությունների համար վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումների տվյալների բազային հասանելիություն ստանալու հնարավորությունը:
Ինչո՞ւ է թանկանում ԱՊՊԱ–ն. ապահովագրական բյուրոյի տնօրենը ներկայացրեց պատճառները
Դա արվում է այն նպատակով, որ ճանապարհային կանոնները չարամտորեն խախտողներն ավելի շատ վճարեն ԱՊՊԱ-ի համար։ «Նաիրի Ինշուրանսի» ներկայացուցիչն այս կապակցությամբ հույս ունի, որ շուկայի ազատականացումը, ի թիվս այլ բաների, կբերի նաև ճանապարհային երթևեկության իրավիճակի բարելավմանը:
Բացատրելով սակագների ազատականացումը՝ «Սիլ Ինշուրանս» ընկերությունում իրենց հերթին վկայակոչում են միջազգային փորձն ու չափանիշները։ Սովորաբար պարտադիր ապահովագրության տեսակները նախատեսված են 10 տարվա համար, փորձագետները դա բավարար ժամկետ են համարում համապատասխան վիճակագրության ձևավորման համար: Դրանից հետո շուկան պետք է ազատականացվի։
«Հայաստանը շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, և պետք է մրցակցություն ապահովել ցանկացած ոլորտում։ Նախկինում գործող մոդելը ցույց տվեց, որ սակագների բաշխման ժամանակ արդարության սկզբունքը շատ առումներով խախտվել է։ Այստեղից էլ առաջացել է բարեփոխումների անհրաժեշտությունը»,-բացատրում է «Սիլ Ինշուրանսի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից հետո ապահովագրական ընկերությունների համախառն վնասը՝ կապված փոխհատուցումների և այլ ծախսերի ընդհանուր ծավալի աճի հետ, զգալիորեն ավելացել է։
Արմինե Մելքոնյան
«Մենք կարծում ենք, որ նոր կանոնները կհանգեցնեն ԱՊՊԱ շուկայում հաճախորդների վերաբաշխմանը։ Քանի որ ընկերությունների սակագները տարբեր են, յուրաքանչյուր վարորդ հնարավորություն ունի ընտրելու իր համար ամենաօպտիմալ տարբերակը` հաշվի առնելով առաջարկվող գնի ու սպասարկման որակի հարաբերակցությունը։ Թեև պետք է ասեմ, որ նոր համակարգի ուժի մեջ մտնելուց հետո անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում մեր ընկերության հաճախորդներից շատերը կրկին պայմանագրեր են կնքել մեզ հետ այն դեպքում, երբ որոշ այլ ապահովագրողներ ավելի ցածր գին էին առաջարկում»,-Sputnik Արմենիային ասաց Մելքոնյանը։
Ինչպես նախորդ ընկերությունը, այնպես էլ «Սիլ Ինշուրանսը», մարզերի վարորդներին ԱՊՊԱ-ի ավելի ցածր գին է առաջարկում։
Մելքոնյանը նաև պնդում է, որ փոխհատուցումների ծավալները և, համապատասխանաբար, ընկերությունների վնասներն աճել են այն բանից հետո, երբ փոխվեց վճարումների մեխանիզմը: Համակարգը մինչև 2015 թվականը հետևյալ կերպ էր աշխատում․ շահառուն փոխհատուցման համար դիմում էր ոչ թե իր ընկերությանը, այլ այն ընկերությանը, որի հետ պայմանագիր է կնքել վթարի մեղավոր վարորդը: 2016 թվականից ներդրվեց ուղղակի վճարումների համակարգը, այսինքն՝ վարորդը փոխհատուցումը ստանում էր իր ընկերությունից, որն այնուհետև այդ միջոցները գանձում էր այն ընկերությունից, որի հետ պայմանագիր էր կնքել վթարի մեղավորը: Դա հանգեցրեց նրան, որ ավելացավ ապահովագրական հատուցումների բեռը ապահովագրական սակագների վրա, այլ կերպ ասած՝ ընկերությունների մարժան նվազեց։
Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է
Մելքոնյանը դժգոհում է նաև Հայաստանում մեքենաների թվի աճից, դրանց տեխնիկական վիճակից ու շահագործման պայմաններից, ինչպես նաև վարորդների պահվածքից: Այս ամենը կարևոր դեր է խաղացել նոր համակարգին անցնելու գործում։

Ո՞վ է դեմ

Ապահովագրողների լավատեսությունը չի կիսում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Արտակ Խաչատրյանը։ Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում փաստաբանը նշեց, որ շուկայի ազատականացումն արվում է բացառապես ի շահ ընկերությունների։
«Ես կարծում եմ, որ դա ապահովագրական ընկերությունների քմահաճույքն է։ Նրանց փող է պետք։ Այդքան բան: Ընդ որում, ինձ թվում է, որ շահույթի որոշակի մասը, որը կստանան ընկերությունները, անխուսափելիորեն կտեղավորվի համապատասխան որոշումներ կայացնող պաշտոնյաների գրպաններում»,-համոզված է մեր զրուցակիցը։
Նա համոզիչ չի համարում այն փաստարկները, թե հենց մեքենաների և վթարների թվի աճն է ապահովագրական բիզնեսը վնասաբեր դարձնում։ Ճանապարհներին մեքենաների մեծ թիվը վթարների միայն անուղղակի պատճառ է և անուղղակի գործոն: Հիմնական պատճառները պետք է այլ տեղ փնտրել․ ճանապարհային նշանների բացակայություն, օրենսդրության թերություններ, մեքենաների տեխնիկական վիճակի ոչ արդյունավետ վերահսկողություն և այլն։
Արտակ Խաչատրյան
Խաչատրյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է վերացնել վթարայնության բուն պատճառները, հետո նոր միայն մտածել ապահովագրական համակարգի փոփոխությունների մասին։ Իրավաբանը համոզված է, որ ԱՊՊԱ-ի սակագների բարձրացումը զսպող գործոն չի դառնա և վարորդների պահվածքը չի փոխի: Նրա կարծիքով՝ ազատականացումը պետք էր իրականացնել աստիճանաբար, անցումային շրջաններով, ոչ թե միանգամից։ Այդպես վարորդները հնարավորություն կունենային ավելի լավ հարմարվել նոր պայմաններին:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, համոզված են, որ ազատականացումը կբարձրացնի մրցակցությունը և կբարելավի սպասարկման որակը: Փորձագետի համար կարևոր բաղադրիչ է այն, որ սակագները հիմնականում ձևավորվելու են վարորդական պատմության, ճանապարհատրանսպորտային պատահարների թվի հիման վրա։ Եվ, որպես արդյունք, մեքենաների կարգապահ սեփականատերերն ավելի քիչ կվճարեն ապահովագրության համար։
ԱՊՊԱ-ի ազատականացումը դրական քայլ է. «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ
Կազմակերպության ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ գնագոյացման գործընթացը կարգավորող մարմինների՝ Ավտոապահովագրողների բյուրոյի և Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է։ Ընկերությունների կողմից մեկնարկային սակագների վերանայման ցանկացած հայտ կքննարկվի բյուրոյում, ինչը նշանակում է, որ սակագների կամայական սահմանում սպասել պետք չէ: Ըստ այդմ՝ ոլորտի մոնոպոլիզացիայի, մրցակիցներին դուրս մղելու նպատակով գների դեմպինգի վտանգ չկա։
Նշենք, որ ըստ նախնական գնահատման՝ ԱՊՊԱ-ի սակագների ազատականացման արդյունքում Հայաստանում ապրիլի 1-ից սակագները կնվազեն ավտոմեքենաների սեփականատերերի 56%-ի համար, 21%-ի համար կմնան մոտավորապես նույնը, իսկ 23%-ի համար կաճեն: