ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը նախապատրաստված է եղել։ Տեղեկությունը RT–ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Խոսքը ռուսական աշխարհի գաղափարախոսների նպատակաուղղված ոչնչացման մասին է։ Ինչպես արդեն բազմիցս ասվել է, Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությունում և Անվտանգության խորհրդում կա այդ մարդկանց չեզոքացման ցուցակ: Կասկած չկա, որ սա պատվիրված պատմություն է», - ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիժնի Նովգորոդի մարզում` անտառային խուլ հատվածում, պայթեցրել են ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի մեքենան, վարորդը մահացել է, Պրիլեպինը` վնասվածքներ ստացել։ Պայթյուն հետևանքով մեքենայի մոտ` հողի մեջ, 1,5 մետր խորությամբ փոս է գոյացել։
Զախար Պրիլեպինի կինը՝ Մարիան, REN TV-ի հետ զրույցում մեկնաբանել է գրողի դեմ մահափորձի մասին տեղեկությունը։
«Զախարը ողջ է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում»,– ասել է նա:
Մարիան հավելել է, որ իրենց ընտանիքը երկար տարիներ բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, սակայն կոնկրետ այս ահաբեկչությունից առաջ սպառնալիքներ չեն եղել: Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ–ից, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Պրիլեպինի դեմ մահափորձի կազմակերպման գործում։
Ի՞նչ է հայտնի Պրիլեպինի վիճակի մասին
Պայթյունի հետևանքով նա կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են Նիժնի Նովգորոդի Սեմաշկոյի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նա գիտակից է եղել և շփվել է բժիշկների հետ։ Զախար Պրիլեպինին ուղղաթիռով կտեղափոխեն Մոսկվա։