Աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովը կմենամարտի թուրք մրցակցի հետ

Հովհաննես Բաչկով
Հայաստանն այսօր բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկու մասնակից ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) այսօր կանցկացնի քառորդ եզրափակիչի մենամարտը։
Բաչկովը կմենամարտի Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ։
Նա 1/8 եզրափակիչում ուժերը չափել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ և հաղթել միավորների առավելությամբ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Թայպեյի ներկայացուցիչ Լին Յուն։
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, կավարտվի մայիսի 14-ին:
Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը