Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-երի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։