ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ-2023»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն արդեն երգել է նաև մրցութային երկրորդ փորձի ժամանակ։ Տեսագրությունը «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» էջերում հրապարակել է «Առաջին ալիքը»։
Տեսանյութում Բրյունետի կենդանի կատարումից միայն մի քանի վայրկյան է հնչում, բայց անգամ դա սոցցանցերի օգտատերերի հիացմունքին ու հավանությանն է արժանացել։
«Ինչ մաքուր ա երգում, գժվել կարելի է», «գժական ա», տաղանդավոր», «հպարտանում եմ նրանով» և այլ գեղեցիկ խոսքեր են գրել տեսանյութին կից։
«Եվրատեսիլի» հայաստանյան էջն էլ է նոր տեսանյութ հրապարակել, որտեղ երգչուհին «Future lover» երգի հայերեն տարբերակն է կատարում։
Տեսանյութից պարզ է դառնում, որ Բրյունետը հարցազրույց է տալիս, ակապելլա է ներկայացնում, թե ինչպես կհնչեր իր երգը հայերեն, ինչից հետո էլ հաղորդավարը խնդրում է երգչուհուն խոստանալ, որ այդ տարբերակը մրցույթից հետո անպայման կձայնագրի։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ–2023»–ը անցկացվելու է Լիվերպուլում։ Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին` երկրորդ համարի ներքո։
«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։