ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, ներկայացրել է այն ոլորտները, որոնցում օգտագործվում են հայկական առաջին «ArmSat-1» արբանյակի կողմից արված լուսանկարները։
««ArmSat-1» արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարներն օգտագործվել են հիմնականում նկարահանող սարքի կարգաբերման աշխատանքների համար։ Արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության (չօգտագործվող հողերի վերհանում, բերքի կանխատեսում և այլն), բնապահպանության (կանաչապատ տարածքների, ջրային և բնական այլ ռեսուրսների մշտադիտարկում և այլն), քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար», – պատասխանել են նախարարությունից։
Գերատեսչությունից նշել են, որ տիեզերալուսանկարների մի մասն արվել է արբանյակի կառավարման հայ օպերատորների ուսուցման նպատակով։
Լուսանկարները ներկայացնելու խնդրանքին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ դրանք կհրապարակվեն առաջիկայում։
Նախարարությունը միաժամանակ չի տրամադրել արբանյակի կողմից արված լուսանկարները։
«Ոչ բոլոր տիեզերալուսանկարներն ու կոորդինատներն են (մենք խնդրել էինք տրամադրել լուսանկարներ` նշելով նկարված տարածքի կոորդինատները. խմբ.) ենթակա հրապարակման», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար ստեղծել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը կայացավ 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվեց «ArmSat-1»։