ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում դեռ նախորդ տարի հայտնաբերված 12.5 կգ քաշով ոսկին արդեն հանձնվել է Կենտրոնական բանկին։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Նշենք, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի 2 բնակչուհի վարույթն իրականացնող մարմին էին ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ:
Օրաթերթի տեղեկություններով՝ ոսկին պատկանել է ՀՀ դատախազությունում աշխատած նախկին պաշտոնյաներից մեկին: Նա մահվանից առաջ տունը կտակել է դստերը, վերջինս էլ երկար ժամանակ երկրում չի բնակվել:
«Ավելի ուշ դատախազության նախկին պաշտոնյայի դուստրը դիմել էր մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրել, որից հետո էլ բացահայտվել է դեպքը: Իսկ թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատախազի տանը, առայժմ իրավապահները պարզում են»,–գրում է թերթը։
Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է:
2022-ի դեկտեմբերի 20–ին հայտնել էինք, որ Երևանի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկից 2 մաքրուհիներ գտել ու իրենց հետ տարել են ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։