ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիան անուշադրության չի մատնում բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների միջև անցկացված բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի կառավարության ղեկավար Պետեր Ֆիալան։
«Տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին` քաղաքական, անվտանգային, աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է»,– նշեց վարչապետ Ֆիալան։
Նա շեշտեց, որ Չեխիան այս հարցում համակարծիք է Եվրամիության հետ։ Հավատացած են` պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ կովկասյան տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք խաղաղության պայմանագրի կնքումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,– նշեց Չեխիայի վարչապետը։
Վարչապետ Ֆիալան խոստացավ, որ Չեխիան անհրաժեշտ ջանքեր կգործադրի միջազգային բոլոր հարթակներում, որ Հայաստանը կարողանա տևական խաղաղության հասնել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: