Կազմեցինք համապատասխան ցուցակ. Չեխիայի վարչապետը` ՀՀ–ում իրենց հետաքրքրող ապրանքների մասին

Փաշինյանն ու Ֆիալան պայմանավորվել են խորացնել երկու երկրների համագործակցությունը և՛ առևտրատնտեսական, և՛ զբոսաշրջային ուղղություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները 2022 թվականին 157 %-ով ավելացել են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան` անդրադառնալով 2 երկրների տնտեսական գործակցությանը։
«Մենք ուրախ ենք, որ առևտրի ծավալներն ավելանում են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը հասել է 157 %-ի, ինչը շատ լավ է։ Մենք բանակցությունների ժամանակ խոսել ենք, թե Հայաստանում արտադրված որ ապրանքները կարող են հետաքրքիր լինել Չեխիա արտահանման համար։ Կազմեցինք համապատասխան ցուցակը»,– նշեց Ֆիալան։
Նա ընդգծեց, որ պայմանավորվել են նաև խորացնել կապերը զբոսաշրջության ոլորտում, ինչն էլ կնպաստի երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը։
ՀՀ–ն միջազգային փաստահավաք խմբի ներկայությունը ԼՂ–ում համարում է անհրաժեշտ. Փաշինյան
ՀՀ վարչապետն էլ շեշտեց, որ իրենք խոսել են Հայաստանից դեպի Չեխիայի շուկա ապրանքների արտահանման ակտիվացման վերաբերյալ։
«Մենք Հայաստանում էլ այդ հարցերը քննարկում ենք, և ԵՄ շուկա մուտք գործելու համար կան և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ այլ խնդիրներ։ Կարևոր է, որպեսզի մեր արտադրանքի և արտադրության ստանդարտները բարձրացնելու ուղղությամբ շարունակական աշխատանքներ տանենք։ Վստահեցնում եմ` հիմա էլ կան այնպիսի արտադրանքներ, որոնք կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Չեխիայի պատվիրակությունների հանդիպման ընթացքում երկու երկրի դեսպանները հաստատել են, որ պոտենցիալը կա և խոստացել ակտիվ զբաղվել այդ հարցերով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: