ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Դմիտրի Պիսարենկո. Սա այն դեպքն էր, երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմից ոչ թե վոկալ-լարային պարտիաներ էին հնչում, այլ միայն խոսքեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ մեկնարկեց «Ռուս գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակի «շրջագայությունը» ԱՊՀ երկրներով։
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին
© Sputnik / Asatur Yesayants
Հավաքածուում ներառված են ռուս գրականության համար ոսկեդար համարվող ХVIII դարի վերջի և ХIХ դարի սկզբի հեղինակների ստեղծագործությունները, որտեղ, ինչպես Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» վիպակում, արտացոլվում է հայկական թեման։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընթերցեց հիասքանչ հայուհի Շահանեին նվիրված Եսենինի դասական տողերը և հիշեցրեց, որ մեծն Մանդելշտամը ХХ դարի սկզբին հայ պոետների ստեղծագործությունները ռուսերեն թարգմանելու համար Ախմատովային Անուշ էր անվանում։
«2023 թվականն ԱՊՀ-ում ռուսաց լեզվի տարի է հռչակվել, և պատահական չէ, որ Երևանն է ընտրվել միջազգային մեր ակցիայի մեկնարկի վայր, չէ՞ որ հենց Հայաստանն է համարվում քրիստոնեության պաշտոնական ճանաչման օրրանն, ու այստեղ մինչ օրս ամուր են հոգևոր հիմնարար արժեքները», – ասաց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Ալեքսեևը։
Նրա խոսքով` նույնիսկ խորհրդային տարիներին ռուս գրողների ստեղծագործությունները քրիստոնեկան լավատեսությամբ էին լցված։ Այդպիսին էին Շոլոխովի և Շուկշինի ստեղծագործությունները, որոնք ևս ներառվել են հավաքածուում և մեծ ներդրում ունեցել արևելաքրիստոնեական քաղաքակրթության պահպանման և զարգացման գործում։
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին
© Sputnik / Asatur Yesayants
Հիշելով ոչ վաղ անցյալը` ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը նշեց, որ ընդամենը 30 տարի առաջ մենք ապրում էինք միասնական մեծ պետության մեջ, որտեղ ռուսաց լեզուն այն ամրակապերից էր, որը միավորում էր տասնյակ ժողովուրդների, և այսօր տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ շարունակում են շփվել ռուսերենով։ Իսկ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսեց հայ–ռուսական մշակութային կապերի պատմությունից` հայտնելով, որ այս տարի Հայաստանում Վալերի Բրյուսովի 155-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու։
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին
© Sputnik / Asatur Yesayants
«Եկատերինա Մեծ կայսրուհու կառավարման տարիներին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում հայկական եկեղեցի է կառուցվել, որին կից տպարան է գործել, այդ տպարանը դարձել է հայ գրատպության պատմության մեջ 16-րդը։ Այնտեղ տպագրվել են առաջին երկլեզու ստեղծագործությունները, իսկ առաջին 20 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 4 տասնյակ գրքեր են լույս տեսել», – պատմեց Չուլյանը։
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին
© Sputnik / Asatur Yesayants
Որպես ընծա Հայաստանին մի քանի տասնյակ «Ռուսա գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակ է փոխանցվել։ Հայաստանում հանրային շնորհանդեսը հնարավոր դարձավ «Երևանում ռուսական գրքի տան» (հիմնադիր` հայ–ռուսական գործարար խորհրդի ղեկավար Մհեր Ավետիսյան), Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի (նախագահ` Վալերի Ալեքսեև) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցության շնորհիվ։