Դսեղում առողջության կենտրոն կբացվի. հաստատության ծառայություններից կօգտվի ևս 6 բնակավայր

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը հաջողված է համարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:
Համագործակցության ծրագրի հուշագրի ստորագրումը ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև
Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը համարում է հաջողված: Նա ընդգծել է, որ սա համայնքի համար կարևոր ձեռքբերում կլինի։
«Մեզ համար շատ կարևոր է բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը, սա ևս մեկ քայլ է, որպեսզի համայնքների բնակիչները շատ դեպքերում բուժծառայության համար Երևան տեղափոխվելու կարիք չունենան»,- նշել է մարզպետ Արամ Խաչատրյանը:
Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։
Դսեղի եկեղեցի հավատացյալ գրեթե չի մտնում, իսկ քահանան այցելում է շաբաթը մեկ օր
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն էլ ասել է, Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` աջակցում են համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը։ Նա շեշտել է, որ իրենք շարունակելու են համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտեն լավագույն նորարարական մոտեցումները և նպաստել որակյալ ու հասանելի բուժօգնության մատուցմանը։
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։