ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրավիճակի համար նպաստավոր չէ, որ Չեխիան միակողմանի գնահատի, թե ով և ինչպես է խախտում հրադադարը։ Այս մասին այսօր հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
Նա հավելեց, որ Չեխիայի Հանրապետությունը կաջակցի խաղաղության նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման։
«Չեխիայի և ԵՄ մյուս երկրների ընդհանուր նպատակն է տարածաշրջանում հասնել մնայուն կայունության, որը նշանակում է երաշխավորել Հայաստանի և հայերի իրավունքները»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ բացեցին Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ` կիրառելով նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։