Ինչո՞ւ է Չեխիայի կառավարությունը լռում Լաչինի միջանցքի մասին. չեխ լրագրողի հարցը

Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ
Չեխիայի վարչապետի խոսքով` այնպես չէ, որ իրենք լռում են, իրենք մտահոգություններ են հայտնել միջանցքի շրջափակման հարցով, նաև սատարում են ԵՄ հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ինչո՞ւ են Չեխիայի կառավարությունը, չեխական լրատվամիջոցները լռում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչպե՞ս Չեխիան կարող է ազդել և ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ չեխ լրագրողներից մեկն այս հարցով դիմեց վարչապետ Պետեր Ֆիալային։
«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։ Մենք սրա համար էլ նման հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին` միտված խաղաղ լուծմանը։ Ես կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խնդիրները կամ խոչընդոտները դիտարկենք, մենք ընդհակառակը պետք է փորձենք տևական խաղաղության հասնել»,– նշեց Ֆիալան։
Նրա խոսքով՝ սա իրագործելու համար նաև մյուս կողմն է անհրաժեշտ՝ Ադրբեջանը։ Երկու կողմերից էլ բարի կամք է պետք։
«Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք։ Ես արդեն բացման խոսքում ասացի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։ Մենք մտահոգություններ հայտնել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հարցով»,– նշեց Չեխիայի վարչապետը։
Նա հիշեցրեց` Եվրամիությունը ևս այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որին Չեխիան սատարում է։
«Պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված դիտանկյունը, որով էլ այս խնդրին վերաբերում է ՀՀ վարչապետը։ Սա ճիշտ մոտեցում եմ համարում։ Նա կարող է ակնկալել Եվրամիության, մեր և մյուս անդամ պետությունների աջակցությունը»,– հավելեց Չեխիայի վարչապետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Մինչ օրս այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։