ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» ու մի շարք հարակից օրենքներում։
Օրինագծերի փաթեթն այսօր կառավարությանն նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` մասնավորապես առաջարկվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:
Նախագծով նախատեսված է բժիշկների լիցենզավորման 2 տեսակ։
«Անցումային լիցենզավորումը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին։ Սա շատ կարևոր մի քայլ է նրանց հնարավորություն տալու ուսումնառության ընթացքում ունենալ գործնական և աշխատանքային փորձառություն։ Այս անցումային լիցենզիայի շրջանակներում օրդինատորներն ու ռեզիդենտները, իհարկե` բժշկի հսկողության տակ, հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և իրենց հմտությունները լավացնելու ու ձևավորելու»,– ասաց Ավանեսյանը։
Լիցենզավորման երկրորդ տեսակը վերաբերելու է ադեն ուսումն ավարտած մասնագետներին։ Այդ լիցենզիան տրվելու է 5 տարով և երկարացվելու է, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։
«Կասեցման համար հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումը, հավաստագրման պահանջների խախտումը»,– ասաց Ավանեսյանը։
Օրդինատորների համար անհատական լիցենզավորման համակարգը նախատեսվում է գործարկել 2024թ–ի հունվարի 1-ից, գործող բուժաշխատողների համար` 2026թ–ի հունվարի 1-ից։
Կառավարությունը հաստատեց օրինագծերի փաթեթի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։