ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնել ենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։ Նույն ավիաընկերության Երևան–Փարիզ–Երևան չվերթը Թուրքիայի արգելքի պատճառով չէր կայացել նաև երեկ` մայիսի երկուսին։
«Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ «Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
Ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:
Հուշարձանի վրա փորագրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նատալիի անունները:
Հուշահամալիրը խորհրդանշում է արժանապատվությունը, արդարադատությունը և պատժի անխուսափելիությունը։
Հիշեցնենք, որ արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20 – րդ դարի առաջին ցեղասպանությունն է։
Չնայած այն հանգամանքին, որ այս փաստը ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից, Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ավանդաբար մերժում է այդ հանցագործության կատարման մեղադրանքները: