Թափանիվը սկսել է աշխատել. դատախազը` ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին

Արխիվային լուսանկար
Աննա Վարդապետյանի կանխատեսմամբ` 2023 թվականի հաղորդման մեջ այս գործընթացների վերաբերյալ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին մոտ 40 հայցապահանջ կա։ Տեղեկությունը ԱԺ–ում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջներով, այլև պետական շահերի պատշպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ։ Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները»,- ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի կանխատեսմամբ՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ, և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։
«Թափանիվը նոր սկսել է աշխատել, և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Գրեթե չկա շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Այս գործընթացն իներցիայով կշարունակվի առնվազն մի քանի տարի»,- նշեց Վարդապետյանը։
Քաղաքացին ապօրինի գույքի 80 տոկոսի դիմաց պետությանը 50 մլն դրամ է փոխանցել
Նա նաև նշեց, որ քրեական վարույթներով նախորդ տարի մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում է եղել, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ ավելի քան 1 մլրդ 300 մլն։
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։