ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղում կաշառակերության մի քանի տասնյակ դեպքեր են բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մեղադրանք է առաջադրվել 22 անձի, այդ թվում` դասախոսների, գործավարների, ուսանողների և նրանց ծնողների։ Քրեական վարույթներ են նախաձեռնվել 38 դրվագով կաշառք ստանալու, տալու և միջնորդության համար։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ ուսումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000-ական ՀՀ դրամ կաշառք»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ–ի`համալսարանի օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, միջնորդել են, որ նրանք դասախոսների հետ կաշառքի շուրջ համաձայնության գան։ Ավելին` նրանք ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից մասնաբաժին են տվել գործավարներին։
11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել կաշառք վերցնելու, 2 գործավարի` կաշառքի միջնորդության, իսկ 9 ուսանողի և ծնողի՝ կաշառք տալու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ: