«Պոլիգրաֆում» տեղի ունեցածի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. Վահե Ղազարյան

Վահե Ղազարյան. Արխիվային լուսանկար
Առաջիկա օրերին կհանրայնացվեն ակումբում իրականացված խուզարկությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով ծառայողական քննություն է նշանակվել, ինչպես նաև քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ծառայողական քննությունը կասեցվել է մինչ նախաքննության ավարտը։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հարցին, թե ինչ մասշտաբի բացահայտման համար է, որ այդ օրը «Պոլիգրաֆում» գտնվող միջին վիճակագրական քաղաքացիները խուզարկվեցին, ձերբակալվեցին, Ղազարյանը նշեց` առաջիկա օրերին արդյունքների մասին կհայտարարվի։
«Ձերբակալված 41 անձանցից 4 անձի մոտ է հայտնաբերվել տարբեր տեսակի թմրանյութ, որից 1 քաղաքացու մոտ 3,1 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ 3-ի մոտ դեռևս չպարզված թմրանյութի նմանվող զանգված, որ ուղարկվել է փորձաքննության», – նշեց Ղազարյանը։
Նա խոստացավ փորձաքննության ավարտից հետո իրազեկել՝ ինչ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։
ՔՊ–ական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնեցին, որ եթե Հայաստանում միջին վիճակագրական յուրաքանչյուր խնջույքի ժամանակ «ռեյդ» արվի, թմրանյութ կհայտնաբերվի։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում ապրիլի 23-ին խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում։ Ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, ավելին` աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։