Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենում

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
Հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել օրեր առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում 54-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող անձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կասկածյալը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետին հարակից ավտոկայանատեղիում։ Նա Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչ է։
«Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Հիշեցնենք` ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ապրիլի 30-ին` ժամը 23։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել։
Պարզվել էր, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է։