ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ավտոմեքենայով Իրան–Հայաստան սահմանը հատելն իսկական փորձություն է դառնում, Իրանի հատվածում անցումը տևում է մոտ 1 ժամ, Հայաստանի հատվածում` 3-5 ժամ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գործադիրին դիմեց իրանահայության և Իրանի քաղաքացիների փոխանցած խնդրով։
«Մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։ Եթե Իրանից Հայաստան մտնող մեքենան ունի տուգանք, որի մասին տեղյակ չի, ստիպված է մեքենան թողնել, մոտ 2 կմ ոտքով քայլել, եթե բանկի աշխատակիցը վճարումն ընդունի, կվճարի, եթե ոչ, չի վճարի, տերմինալ չկա։ Ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են։ Չկա որևէ նշան, բացատրություն, հատկապես հայերեն չիմացող մարդկանց համար, թե ինչ պետք է անել, աղբաման չկա, ջուր չկա։ Կարդում եմ և ամաչում եմ, թե ինչ են գրել։Ասում են` կարո՞ղ է այդպես եք անում, որ Հայաստան չգանք»,– հարցը փոխանցեց Նազարյանը։
Պատգամավորի չբարձրաձայնած հարցին որոշեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշեց` խնդիրների մի մասն իրենք էլ են արձանագրել, դրա համար էլ որոշում են կայացրել Մեղրիում նոր մաքսակետ կառուցել Եվրամիության աջակցությամբ։
«28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը»,– նշեց Փաշինյանը։
Տեղեկացրեց` մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող էլ կա, շուտով արդեն կներկայացվեն ծրագրի մանրամասները։