ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում: Ազգային ժողովում նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին` թե երբ են բացահայտվելու Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի հանցագործությունները և արդյոք հնարավոր է դրանց բացահայտումը։
«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության, այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Վարդապետյանը:
Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, որովհետև, ըստ նրա, անիրատեսական է, որ այդ ծավալի վարույթը քննի մեկ քննիչ: Հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազին առընթեր դատախազների խումբը:
«Կարծում եմ՝ 2023 թ. հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք»,- ասաց Վարդապետյանը:
Խոսելով 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի մասին` գլխավոր դատախազն ընդգծեց, որ այդ վարույթին ֆիզիկապես չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ ոչ ամբողջական 8 ամիս է, ինչ այս պաշտոնում է:
«Մարտի 1-ն այս երկու գործից ինձ համար ամենաառաջնայինն էր՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ և, եթե այդ ժամկետների ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, ապա ռեաբիլիտացիոն հիմքով անձը համարվում է արդարացված։ Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»- նշեց Վարդապետյանը։
Նրա կարծիքով` Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին: Դատախազը վստահեցրեց` 2-ի մասով էլ աշխատանքները տարվում են:
Տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ, ըստ դատախազի, բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն։