ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
«Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ անելու Ադրբեջանի մտադրության և դրա իրական սպառնալիքի մասին:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են մի շարք հարցեր։ Մասնավորապես, առաջնահերթ են ադրբեջանական զորքերի հետքաշումը ՀՀ ինքնիշխան տարածքից, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը։
Այս գործընթացում հատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վաշինգտոն է մեկնել արտգործնախարար Ջեհյուն Բայրյամովը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։
Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։